Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գառնի, Գեղարդ

04303599

Ճամփորդության ժամանակը՝ մարտի 27-ին ժամը՝ 9․00-18․00

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի 2-3 կուրս

Ճամփորդության նպատակը՝ տեսնել Չարենցի կամարը, «Կարդում ենք Ե․ Չարենց» նախագծով՝ չարենցյան ընթերցումներ կամարի մոտ, լինել Գառնիի հեթանոսական տաճարում,  այցելել Գառնի գյուղի Սուրբ Մաշտոց եկեղեցի, քայլարշավ դեպի Գառնիի ձոր, քայլք դեպի Քարերի սիմֆոնիա,  Ազատ գետի կամուրջ,  այցելություն Գեղարդի վանք։

Continue reading

Նախաամանոր Վաղարշապատում

slider_1_2021-04-23_16-49-02-07մմմմ

Ճամփորդության ժամանակը՝ դեկտեմբերի 23-ին՝  ժամը 9․15-ին

Ճամփորդության վայրը՝ Ամանորին ընդառաջ՝ ուսումաճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Վաղարշապատ քաղաք, ճանապարհին՝ այցելություն Սուրբ Հռիփսիմեի տաճար, այցելություն նկարիչ Մհեր Աբեղյանի պատկերասրահ-թանգարան և քայլք քաղաքում, այցելություն, Կոմիտասի, Մակար Եկմալյանի արձաններին, Հովանոցներով փողոց՝ ամանորյա տոնավաճառ,  քայլք Մայր տաճար, այցելություն տաճարի գանձատուն,  Սուրբ  Գայանեի վանք, այց հայ երախտավորների շիրիմներին, վերադարձին՝ Զվարթնոցի տաճար։

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝  հայրենագիտական-ճանաչողական ճամփորդությամբ սովորողները կճանաչեն հայոց հոգևոր մայրաքաղաքը՝ իր տեսարժան վայրերով, վերադարձին՝ այցելություն  Զվարթնոցի տաճար։

Նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողները նախապես համացանցի միջոցով, ծանոթանում են Էջմիածին քաղաքին, նրա տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին,   առցանց տեղեկություններ են հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: Եկեղեցին կառուցվել է 618 թ-ին։ Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, իսկ  Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր,  տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում,  պատրաստվել կոփածո երկաթից ջահ,  հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):

Սուրբ Գայանե վանքը միջնադարյան կրոնական կառույց է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի նույնպես վկայարան է կառուցել: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):  Վերջին անգամ նորոգվել է 1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ։

Էջմիածնի Մայր տաճարը խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան հայկական եկեղեցական հորինվածք է, որը  մեծ ավանդն է եղել համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության զարգացման մեջ: Ճարտարապետական այս հորինվածքը 9-11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում: Տաճարի համար «Էջմիածին» (իջավ Միածինը) անունն առաջին անգամ օգտագործել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը: 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր Տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր Տաճարից հանգու­ցային տեղերից հանվեցին 15 քարեր, որոնք  տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր Տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»։ 2012 թվականից մինչ օրս իրականացվում են նախադեպը չունեցող համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2022 թվականին։ Հաշվի առնելով իրականացվող աշխատանքների մեծածավալ ընդգրկվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ Մայր Տաճարին տրվում է երկրորդ կյանք:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է եղել։ 10-րդ դարում տաճարն ավիրվել է երկրաշարժից, 1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]:

Ճամփորդության  ծրագիր

Դեկտեմբերի 23

9.15. — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ուսումնական ժամերգությունից հետո

9.30  —  ճանապարհին կանգառ Սուրբ Հռիփսիմեի վանքում

10.00 — այցելություն Մհեր Աբեղյանի  պատկերասրահ-թանգարան, Հովանոցներով փողոց, ամանորյա տոնավաճառ

12.00  — այցելություն Մայր տաճար և  գանձատուն, ապա Սուրբ Գայանեի վանք, մի փոքր հանգիստ վանքի բակում և շրջայց հայ երախտավորների շիրիմներին։

14.30  —  քայլք քաղաքում, հանգիստ և ընդմիջում  Վաղարշապատի  Տաշիր պիցցայում

16.00 — Վերադարձի ճանապարհին այց Զվարթնոցի տաճար, ապա՝  Երևան։

Ճամփորդության պատասխանատուներ

  • Թամար Ղահրամանյան
  • Քրիստինե Սահակյանց

Ճամփորդության մասնակիցներ

  1. Արմանուշ Ղազարյան (2-3 կուրս)
  2. Մերի Քերոբյան (2-3 կուրս)
  3. Լիանա Գրիգորյան (2-3 կուրս)
  4. Նարեկ Սոսոյան (2-3 կուրս)
  5. Արմեն Ավետիսյան (2-3 կուրս)
  6. Ռաֆայել Մկրտումյան (2-3 կուրս)
  7. Հասմիկ Խաչատրյան (2-3 կուրս)
  8. Տիգրան Բրուտյան (2-3 կուրս)
  9. Պարգև Թադևոսյան (2-3 կուրս)
  10. Հովհաննես Աղայան (2-3 կուրս)
  11. Դավիթ Խալաթյան (1-3 կուրս)
  12. Աշոտ Վարդանյան (1-3 կուրս)
  13. Օֆելյա Առաքելյան (1-3 կուրս)
  14. Ջուլիետա Բաբայան (1-3 կուրս)
  15. Լիա Ավդալյան (1-1 կուրս)
  16. Լուսինե Մելքումյան (1-1 կուրս)
  17. Մանյա Կարապետյան (1-1 կուրս)
  18. Սոնա Մեհրաբյան (1-1 կուրս)
  19. Գոհար Սիմոնյան (2-1 կուրս)

Արդյունքներն ամփոփում ենք տեսանյութերով, պատումներով, որոնք սովորողները հրատարակում են իրենց բլոգներում։

Արդյունքների ամփոփում

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք ճամփորդություններ և տարբեր դասեր: Մեր կուսիցիների և Ընկեր Թամարի հետ ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեսանք առաջին ցուցասրահում ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։ Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։ Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։

Մեր կուրսիցիների և Ընկեր Գայանեյի հետ ճամփորդեցի դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի Օդերևութաբանական կայան:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով ,դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ:

Օդերևութաբանական կայան

Կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։

Կառուցվածք

Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։

Առաջադրանքները հետևյալ առարկաներից

Աշխարհագրություն, Գրականություն, Երկրաչափություն և հանրահաշիվ տետրում, Էկոլոգիա, ֆիզիկա տետրում, Կենսաբանություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն, հասարակագիտություն, Ռուսերեն:

Վիլյամ Սարոյան Հրաշալի ձայնասկավառակը վերլուծություն

Մենք դասարանում կարդացինք հեղինակ Վիլյամ Սարոյանի Հրաշալի ձայնասկավառակի պատմվածքի մասին:

Մենք պատմվածքը կարդալուց հետո հասկացանք , որ Վիլյամ Սարոյանի ընտանիքը աղքատ է եղել: Վիլյամ Սարոյանը գրոմոֆոնը տուն բերելից, հետո մայրիկը բարկացավ:

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպար…

Հայոց լեզու

Շարունակիր ավանդությունը և հաշտեցրու երկու լեռներին

Ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են․ մեկն ասում է՝ «ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «ես քեզանից և լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում հեռանում է և անիծում է, որ Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն։

Գրականություն

2․Շարունակի՛ր  պատմությունը   8-10 նախադասությամբ՝  հասցնելով ավարտուն տեսքի:

Ամառները  հաճախ էի հանգստանում  գյուղում: Մի օր մտա մեր  մառանը՝  բահը վերցնելու:  Սիրում էի  ամռան երկար օրերին  ծառերի տակերը փորփրել:  Մառանի դռնով ներս մտա թե  չէ, զարմացած կանգ առա….

,որ բահը փոքրացել է , 30 տարի է չի օգտագործել բահը, իսկ մառանը հնացելա ու քանդվում է: Որոշ ես ,որ վերանորոգի մառանը և նոր բահ առնի: Մտածեց, որ աշխատի փող ստանա , որ կարողանա վերանորոգի մառանը: Աշխատեց վերանորոգեց մառանը, բահ առավ և ուրախությամբ սկսեց փորփրել ծառերի տակը:

ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՔԱՂԱՔԸ / ԳՐԻԳ

Գրականություն

Ամեն երեկո, երբ մեղմվում էր համր ու անշարժ տապը, և մարդիկ մրջյունների պես ողողում էին փողոցները, Օպերայի շենքի տարածքում գրիչներով տուփը ձեռքին նա մի փողոցից մյուսն էր անցնում ու «Լավ գրիչներ են, իրոք լավն են… Երեք հատը հարյուր դրամ…» ասելով՝ աշխատում գրավել անցորդների ուշադրությունը: Ողջ երեկո մի անցորդից մյուսին էր մոտենում, պարզում տուփը… Հատուկենտ մարդիկ էին, որ չէին խուսափում ու խղճալով ծերուկին՝ չէին մերժում: Թեև հիսուներեք տարեկան էր, սակայն առատ մորուքն ու հնամաշ հագուկապը ծերունու տեսք էին տալիս նրան: Միշտ նույն շորերն էին հագին` մոխրագույն, քիչ լայն տաբատն ու գորշ, մինչև ծնկները հասնող հաստ վերարկուն, որ ժամանակի ընթացքում խունանալով՝ տեղ-տեղ գունաթափվել ու նայողին կաթնագույն կղզյակներ էր հիշեցնում…
Ծերուկը տարօրինակ սովորություն ուներ. ամեն անգամ, երբ Օպերայում նոր ներկայացում էր լինում, ու դրա ցուցապաստառը հայտնվում էր ճաղավանդակին, իրեն հատուկ անշտապ քայլվածքով մոտենում ու տոմսարկղից ճշտում էր տոմսի արժեքը: Չէր եղել դեպք, որ տոմս գներ, սակայն պարտադիր ճշտում էր արժեքը, ինչի՞ն էր պետք…
Պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատում էի գրքի տաղավարում: Մաշտոցի պողոտայում, անմիջապես Օպերայի շենքի հարևանությամբ մի ոչ մեծ կրպակ կա, իմ աշխատավայրն էր: Դժվար էր ավելի հարմար ու հաճելի աշխատանք պատկերացնել ինձ նման մարդու համար, քան դա էր. փոքր, հարմարավետ տարածք ու շուրջբոլորը գրքեր, ողջ օրը կարդում էի, բացահայտել էի մի շարք արտասահմանյան գրողների, որոնց մասին նախկինում չէի լսել, ու դատելով գրքերի արժեքներից, մոտ ապագայում դժվար էլ ձեռքս ընկնեին: Միակ անհարմարությունը, որ խանգարում էր ինձ լիովին խորասուզվել երանության գիրկը, հատուկենտ հաճախորդներն էին և, իհարկե, Սոֆան: Ինչ տիպի և ինչ խառնվածքի տեր մարդ ասես չէր մոտենում: Երևում էր, որ նրանցից շատերը պարզապես խոսելու կարիք ունեն ու հենց այնպես հարցեր են տալիս, պատմում այս կամ այն գրքից ստացած իրենց տպավորությունները ու շնորհակալություն հայտնելով՝ հեռանում: Սակայն իմ բոլոր հաճախորդները միասին վերցրած, միևնույն է՝ Սոֆային չէին հասնի: Սոֆան արդեն երկար տարիներ Օպերային թատրոնի տոմսավաճառն էր` քառասունն անց փոքրամարմին, միշտ բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ հագնված և շպարված կին, որի ձեռքերին պարտադիր տարատեսակ զարդեր ու հնության երանգ ունեցող արծաթե իրեր էին: Սակայն, ամենակարևորը, որ ասես ամբողջացնում, վերջնական տեսքի էր բերում նրա աշխույժ ու միշտ շարժման մեջ գտնվող կերպարը` վերին աստիճանի շատախոս բնավորությունն էր: Սոֆան խոսում էր անդադար, առանց ընդմիջման, ամեն ինչի մասին: Եվ քանի որ հանգամանքների բերումով երկուսիս աշխատավայրը նույն տեղում էր (կրպակի մի անկյունում ես էի նստում, մյուսում` նա, և ոչինչ չէր բաժանում մեր հատվածները), դատապարտված էի ողջ օրը ունկնդիր լինելու: Պատմում էր վայրերի մասին, որտեղ երիտասարդ տարիներին բախտ է ունեցել լինել, թե ինչպես է արշավներից մեկի ժամանակ հրաշքով փրկվել ձորը գահավիժելուց, հիշում էր «լիմոնըվի» պիջակի կորուստը, որը գնելու օրն իսկ մոռացել էր դելֆինարիումում, երբ ընկերուհու հետ առաջին անգամ գնացել էր դելֆիններ տեսնելու, չէր մոռանում աղջիկների ամուսնու­թյունը… Շատ բաների մասին էր խոսում, սակայն ամենաշատը, որ շեղում էր ուշադրությունս ու կտրում գրքից, կրպակի դիմացով ամեն անցնող-դարձողի մասին իր իմացածը պատմելն էր.
– Այ տե՜ս-տե՜ս, Ռուբոն,- չխամրող հիացմունքով ամեն անգամ ասում էր,- մեր բալերոնն է՝ բոյով, սիրուն, պարողը էսպիսին պիտի լինի, դու մենակ տեսնեիր՝ ո՜նց էր Սպարտակ պարում… Չեն գնահատում, շուտով մյուսների պես կթքի ու կհեռանա Անգլիա, էնտեղ մեր պարողներին գնահատում են, արժեքը գիտեն լավ պարողի… Միայն շատ անփույթ է, ձեռքի գիպսը նոր են հանել, փորձերի ժամանակ կոտրել էր մատը, ամեն անգամ մի վնաս տալիս է իրեն, բայց մեկ է…
– Սա էլ մեր Միշան, պահակներից է, գիտե՞ս, էնքան հետաքրքիր մարդ է, երկու համալսարան է ավարտել, որ հետը մի քիչ խոսես, հաստատ մի գիրք կգրես, ճիշտ եմ ասում… Շատ դժվար է ապրում, հաճախ է փող խնդրում կասսայից մինչև աշխատավարձ ստանալը… Երեք անգամ ամուսնացել-բաժանվել է…
Բոլոր նրանք, ում ճանաչում կամ երբևէ լսել էր ինչ-որ բան, և ովքեր պատահմամբ անցնում էին պատուհանի դիմացով, խոսելու անսպառ նյութ էին Սոֆայի համար: Դիրիժորներից, երգիչներից, պարողներից սկսած և Օպերայի հաշվապահներով ու պահակներով վերջացրած՝ բոլորին ճանաչում էր: Ես ամեն անգամ մանկաբար զարմանում էի, թե ինչպե՞ս է այդքան մարդու ճանաչում և որտեղի՞ց այդպիսի մանրամասներ գիտի նրանց կյանքից: Մի առանձին հոգածությամբ ու գորովանքով էր խոսում իր մշտական հաճախորդների մասին, դրանք հիմնականում զառամյալ սփյուռքահայեր էին, որոնք ամեն անգամ աշխարհի տարբեր ծայրերից գալով Հայաստան՝ իրենց պարտքն էին համարում այցելել Օպերա: Նկատել էի` առանձնահատուկ վերաբերմունքը ընդգծելու համար նրանց միշտ անուններով էր դիմում, հաճախորդը դեռ չմոտեցած՝ իսկույն բացում էր պատուհանն ու անունը տալով՝ սիրալիր բարևում, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ չէր մտաբերում կամ սխալմամբ այլ անունով էր դիմում, իսկական ողբերգություն էր նրա համար, կարծես աշխատանքային կոպիտ վրիպում թույլ տված լիներ…
Այսպես պատմությունները հաջորդում էին միմյանց, և թվում էր՝ անվերջ են, Սոֆան ամբողջ օրը խոսում էր, եթե ինձ հետ էլ չէր ստացվում, հաճախորդների հետ էր զրույցի բռնվում, եթե նրանք էլ տոն չտային, հեռախոսը միշտ պատրաստ էր (հաճախ էր հեռախոսային երկարատև զրույցներ ունենում), և ինչքան էլ մեծ էր գիրք կարդալու իմ ցանկությունը, ամաչում էի նրան հասկացնել, որ ինձ լռություն է պետք: Սակայն, ի զարմանս ինձ՝ տանջանքներս երկար չտևեցին, և հաջորդող դեպքերը այնպիսի ընթացք ունեցան, որ այդքան երազած լռությունը մի օր անակնկալ տրվեց ինձ. Օպերային թատրոնում վերանորոգումներ սկսվեցին, և տոմսարկղը ժամանակավորապես փակվեց` ազատելով ինձ և՛ Սոֆայից, և՛ նրա անվերջանալի պատմություններից: Դժվարանում եմ մտաբերել, թե մեկ էլ երբ էի այդպիսի ոգևորությամբ ընթերցել. մի գիրքը վերջացնելով՝ իսկույն անցնում էի մյուսին, հաճախ գրքերը տուն էի տանում և, անկասկած, Օպերային թատրոնի վերանորոգման ժամանակահատվածը երանելի հիշողություն պիտի մնար ինձ համար, եթե չլիներ անսպասելի հանդիպումը…
Ոչնչով աչքի չընկնող սովորական օր էր. արևը գունատ ճառագայթներով ծածկել էր քաղաքը` ձանձրույթ սփռելով փողոցների վրա, իսկ Օպերայի տարածքում, ինչպես միշտ, աղմկում էր Մաշտոցի պողոտան, մարդիկ անվերջանալի հոսքով անցնում էին կրպակի մոտով` չնկատելով ո՛չ ինձ, ո՛չ գրքերը: Հանկարծ պատուհանը թակեցին: Կրպակի դիմաց կանգնած էր նա` մոխրագույն, միշտ լարված աչքերով ու հնամաշ հագուկապով տղամարդը, ում տարիքը վաղուց կորել էր առատ մորուքի մեջ: Ենթադրելով, որ հերթական մուրացկանն է ու փող է խնդրելու, բացեցի պատուհանը և պատրաստվում էի ծոցագրպանումս եղած մանրադրամը հանել, երբ ծերուկը մատնանշելով ցուցափեղկը՝ խնդրեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը: Նա գլուխը խոնարհած գրքի վրա՝ անշտապ թերթում էր և այնպիսի խեղդող ճենճահոտ էր գալիս վրայից, որ չէի կարողանում պատուհանին մոտ կանգնել, հեռանալ էլ չէի կարող`վախենում էի, որ կթռցնի գիրքը: Նա շարունակում էր թերթել ու չէր նկատում ինձ: Մինչ ծերուկը խորասուզված էր պատմության բավիղներում, ես նայում էի օձիքի լայն բացվածքին, որի տակից երևում էին մեկը մյուսի վրա հագած տարբեր գույնի և ձևի վերնաշապիկները, ու հերթական անգամ զարմանում, թե ինչու են անտուն մարդիկ միշտ շատ հագուստ կրում` անգամ ամառային շոգ օրերին…
– Ես իր «Խնկի ծառերն» եմ կարդացել,- հայացքը բարձրացնելով խոսեց,- բայց սա անծանոթ է, առաջին անգամ եմ տեսնում:
Ուրիշ ոչինչ չասաց, վերադարձնելով գիրքը՝ շնորհակալություն հայտնեց ու հեռացավ, սակայն այդքանն էլ բավական էր, որ միտքս սևեռեր իր վրա: Նրա գնալուց հետո չկարողացա շարունակել կիսատ թողած գրքի ընթերցումը, գլխումս չէր տեղավորվում, թե որտեղից կարող էր ծանոթ լինել Խեչոյանին ու նրա գրքին… Ծերուկը առաջ էլ էր աչքովս ընկել, կրպակի պատուհանից միշտ տեսնում էի` ինչպես էր ամեն երեկո գրիչներով տուփը ձեռքին մոտենում անցորդներին, իսկ երբ հոգնում էր, նստում էր ծառերի մոտ գտնվող նստարաններից մեկին ու հետևում անցորդների անվերջանալի հոսքին: Սակայն նրա կերպարը ուշադրու­թյունս գրավել էր այն բանից հետո, երբ նկատել էի, որ Օպերայում կայանալիք յուրաքանչյուր ներկայացումից առաջ զարմանալի ճշտապահությամբ մոտենում էր տոմսարկղին, ճշտում տոմսի արժեքը ու երբեք չգնելով՝ հեռանում: Կարծում էի` հոգեկան խնդիրներ ունի և հավանաբար այդ համոզմանն էլ մնայի, եթե չլիներ հանդիպումը. անկասկած ծերուկը խելագար չէր, խելագարներին միշտ մատնում են աչքերը, իսկ նրա աչքերը հեռու էին խելագարությունից…
Որոշ ժամանակ ծերուկը շարունակում էր մնալ ուշադրությանս կենտրոնում, սակայն, երևի շուտով կմոռանայի և՛ նրան, և՛ հանդիպումը, եթե ինքը չհիշեցներ իր մասին: Մեկ շաբաթ էր անցել, երբ նորից մոտեցավ կրպակին: Կանգնել էր ցուցափեղկի դիմաց ու երկար նայում էր` մոխրագույն աչքերը ծուլորեն սահեցնելով մի գրքից մյուսին և այն տպավորությունն էր, թե ինչ-որ բան է ուզում, բայց չի համարձակվում թակել պատուհանը.
– Մի բան խնդրեմ, չե՞ք կարող Խեչոյանի գիրքը տալ,- վերջապես թակելով պատուհանը՝ ասաց ու ցույց տալով քիչ հեռվի նստարանը, ավելացրեց,- նստարանին նստած կարդամ, օրվա վերջում կվերադարձնեմ…
Դժվար էլ է ասել` ինչպես կվարվեի, եթե մտածելու ժամանակ ունենայի, բայց այդ պահին ամեն ինչ շատ արագ կատարվեց, և ինչքան էլ հստակ էր գիտակցումը, որ իրավունք չունեմ, որ սխալ գործած կլինեմ գիրքը տալով, միևնույն է՝ չկարողացա մերժել: Ծերուկը մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով հեռացավ ու տեղավորվելով նստարանի անկյունում՝ սկսեց կարդալ: Նրա շրջած յուրաքանչյուր էջի հետ ներսումս ավելանում էր ափսոսանքի զգացումը, թվում էր` հետո էջերից ճենճահոտ է գալու… Արդեն հաշտվել էի մտքի հետ, որ գիրքը այլևս ենթակա չէ վաճառքի, որ աշխատավարձիցս պիտի վճարեմ և որոշել էի` երբ վերադարձնի, չվերցնեմ, ասեմ` նվիրում եմ. այդպիսով և՛ լավություն արած կլինեի, և՛ կազատվեի ծերուկից: Հետագա դեպքերին, սակայն, այլ ընթացք էր վիճակված: Պայմանավորվածի պես օրվա վերջում նա մոտեցավ կրպակին, գիրքը մեկնելով՝ նորից մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, և դեռ չէի հասցրել որևէ բան ասել, երբ սկսեց խոսել գրքից ստացած տպավորությունների մասին: Զարմանալի է, հիմա երբ փորձում եմ դիպուկ համեմատություն գտնել ծերուկի խոսքը բնութագրելու համար, ծառից բացի ուրիշ ոչինչ չի գալիս մտապատկերումս, նրա խոսքը իրոք նման էր ծառի, որը բարձրանալով ճյուղավորվում էր և թվում էր՝ վերջ չի ունենալու: Շուտով Խեչոյանից անցում կատարեց Հրանտ Մաթևոսյանին, հետո Ակուտագավա Ռյունոսկեին, Կաֆկային… գրողները հաջորդում էին մեկը մյուսին և ինձ ոչինչ չէր մնում, քան կլանված ունկնդրել:
Այսպես սկսվեցին իմ ու ծերուկի զրույցները, ամեն օր, երբ ավարտում էր աշխատանքը, մոտենում էր ու որևէ գիրք խնդրելով՝ տեղավորվում նստարանին, իսկ օրվա վերջում վերադարձնում էր գիրքը, և սկսում էինք զրուցել.
– Նկատե՞լ ես քաղաքում ինչքան ագռավ կա, ժամանակին էսպես չէր, հիմա ագռավներն էլ ուրիշ են` ամբողջությամբ սև են… Ուշադրություն դարձրու՝ բոլոր ծառերի վրա բույն ունեն, հատկապես Սայաթ-Նովայի փողոցում, եթե մի պահ քաղաքը լռի, մարդ կգժվի դրանց ձայնից…
– Ես միշտ անհանգիստ եմ, ուղեղս միշտ լարված է. երբ ամեն ինչ վատ է, վախենում եմ, ճանապարհներ եմ փնտրում շտկելու դրությունը, երբ լավ է` նորից վախենում եմ, թվում է՝ ուր որ է մի վատ բան է լինելու…
– Խելագարները ուշ են ծերանում…
– Նայիր ուզածդ անցորդի դեմքին, մերոնք իսկույն տարբերվում են եկածներից, մերոնք միշտ շտապում են, միշտ ժամանակ չունեն, էստեղի մարդիկ չեն ապրում, էստեղի մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում պատրաստվում են մեռնելու…
– Չվող թռչունների մեջ վեհ, միաժամանակ տխուր ինչ-որ բան կա, նայելիս միշտ տխրում եմ…
Զրույցից զրույց նրա խոսքն ավելի անկաշկանդ էր դառնում, ասես շատ բան էր կուտակվել, և ահա գտել էր մեկին, ում կարելի է պատմել: Խոսում էր տարբեր հարցերի շուրջ, հայտնում իր կարծիքն ու դիրքորոշումը, իսկ երբ հեռանում էր, ասածներից որոշ մտքեր գրանցում էի նոթատետրիս մեջ՝ հույսով, որ մի օր օգտագործելու եմ պատմվածք գրելու համար…
Ժամանակը գրքի էջերի պես աննկատ թռչում էր, արդեն մայիս ամիսն էր, մեկը մյուսին հաջորդում էին անձրևոտ օրերը, իսկ ես կրպակում նստած կա՛մ գիրք էի կարդում, կա՛մ ժամերով նայում էի պատուհանին: Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր օրը գունատվում, ծառերի կատարները սկսում էին ճոճվել, քամին չորացած տերևները խառնելով փոշեխառը զանգվածին՝ փոքրիկ պտտահողմեր էր սարքում մայթերին, իսկ երբ սկսվում էր անձրևը, Մաշտոցի պողոտան, որ միշտ մարդաշատ էր, իսկույն դատարկվում էր, և այդ ժամանակ հեռվում երևում էր գաճաճի սև կերպարանքը: Միայն անձրևի ժամանակ էր Ռոդենի քանդակը տեսանելի կրպակի պատուհանից, ամեն անգամ, երբ դատարկվում էր փողոցը, այն իր գորշ արտաքինով հայտնվում էր ու միշտ անբացատրելի զգացումը ճնշում էր ինձ, ասես գաճաճը նայում էր փողոցին ու հրճվում դատարկությամբ… Միայն ծերուկն էր, որ խախտում էր դատարկությունը, գրիչներով տուփը կողքին՝ ժամերով նստում էր ծառի հարևանությամբ կուչ եկած որևէ նստարանի և խոժոռ հայացքից դժվար էր կռահել` ինչ է մտածում: Ամեն անգամ, երբ փորձում էի ամբողջացնել ծերուկի մասին իմացածս, հասկանում էի, որ ոչինչ չգիտեմ, և չնայած բավականաչափ ժամանակ էր` ճանաչում էինք միմյանց, չէի համարձակվում հարցնել անցյալի մասին, անցյալը փակ թեմա էր նրա համար, ու ինչքան մտածում էի, այնքան մեծանում էր ծերուկի անցյալը մուտք գործելու ցանկությունը: Զարմանում էի միայն` ինչո՞ւ Սոֆան ոչ մի անգամ չի պատմել նրա մասին…
Այդ օրը երկինքը զարմանալի ջինջ էր, անձրևոտ օրերից հետո վերջապես արև էր, մարդիկ շրջում էին քաղաքի փողոցներով, իսկ ծերուկը գրիչներով տուփը ձեռքին՝ ինչպես միշտ կանգնած էր Մաշտոցի պողոտայում: Ձանձրույթս ցրելու համար ժամանակ առ ժամանակ դուրս էի նայում, և երբ հերթական անգամ հայացքս ընկավ պատուհանին, կասկածելի տեսարանը անմիջապես գրավեց ուշադրությունս. ծերուկը անշարժ կանգնած էր փողոցի կենտրոնում, այլևս չէր անցնում մի անցորդից մյուսին ու պարզում տուփը, մարդիկ քայլում էին կողքով, ամեն ինչ շարժվում էր, և մարդկանց, ձայների ու գույների այդ գլխապտույտի մեջ անշարժ էր միայն նա` իր մաշված վերարկուի մեջ կուչ եկած, ասես ժամանակը կանգ էր առել նրա համար… Մտածելով, որ վատ է զգում, պատրաստվում էի մոտենալ, երբ ծերուկը կտրուկ շրջվեց ու արագ քայլերով, ասես ինչ-որ բանից վիրավորված՝ սկսեց հեռանալ, և միայն այդ ժամանակ նկատեցի, որ ձեռքի տուփը դատարկ է: Այդ օրը վերջին անգամ տեսա ծերուկին, նա այլևս չերևաց, շատ բաներ էին անցնում մտքովս, չէի ուզում հավատալ, որ այլևս չեմ տեսնելու նրան, գուցե մինչև օրս էլ հավատայի մեր հանդիպմանը, եթե չլիներ Սոֆայի հետ զրույցը: Ծերուկի անհետացումից որոշ ժամանակ անց Սոֆան վերադարձավ: Օպերայի շենքում վերանորոգումն ավարտվել էր, և տոմսարկղը կրկին բաց էր: Անբացատրելի էր ուրախությունս, Սոֆայի գալը հաճելի անակնկալ էր, նույնիսկ կարոտել էի նրա անվերջանալի պատմություններին ու զրույցներին, և հենց գալու օրն իսկ հարցրի միշտ տոմսի արժեքը ճշտող ու երբեք չգնող ծերուկի մասին: Սոֆան, ինչպես միշտ, ամեն ինչ գիտեր: Լսելով հարցս՝ քիչ տխրեց, ասես այնպիսի բան էի հարցնում, որ չէր ցանկանա պատմել, բայց պատմեց: Ասում էր՝ ծերուկը ժամանակին օպերային երգիչ է եղել, դասավանդել է կոնսերվատորիայում, հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել է ամեն ինչ ու հայտնվել փողոցում… Սոֆան հիշում էր նրա հետ կապված դրվագներ, որոնց ականատես էր եղել, և որոնց մասին լսել էր ծանոթներից: Սակայն վերջինը, ինչ ասաց նա, դաջվեց հիշողությանս մեջ, և շատ կուզենայի լսած չլինել.
– Ասում են՝ կոնսերվատորիայի իր նախկին ուսանողներից մեկը տեսնում է նրան և մի կնոջ գումար տալով՝ խնդրում է մոտենալ ու գնել բոլոր գրիչները, որպեսզի իր դասախոսը երկար չմնա փողոցում կանգնած… Նա նկատում է ուսանողի այդ արարքը, հաջորդ օրն այլևս չի երևում փողոցում, մյուս օրն էլ, երրորդ էլ… Նրան գտնում են կանգառներից մեկի նստարանին անշնչացած…
Սոֆան ամբողջ օրը խոսեց ծերուկի մասին, և մտքով չէր էլ անցնում, որ կարող է՝ ծանոթ լինեմ նրան, որ իր պատմած դեպքի օրը տեսել եմ… Առանց ընդհատելու լսում էի, փորձում մտապահել բոլոր ասածները, իսկ երբ պատահաբար նայեցի պատուհանին` փողոցը դատարկ էր, խոսքով ընկնելով չէինք նկատել` ինչպես էր անձրև սկսվել: Դրսում անձրև էր, և գաճաճը հեռվում կանգնած՝ դարձյալ նայում էր ու ասես դարձյալ հրճվում, միայն հիմա այլևս ոչ ոք չէր խախտում փողոցի դատարկությունը…