Տարազ

Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Հայկական տարազ

Մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունիքի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (9-11-րդ դարեր) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (12-13-րդ դարերում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների ազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ 19-րդ դարի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով